20 Հունիս 2025
Զարգացրե՛ք, ստեղծե՛ք և սիրե՛ք ֆրանսերենով
2025 թ․ հունիսի 9-ից 20-ը Մասիսի զարգացման հիմնադրամը և Ադիբեկյան բարեգործական հիմնադրամը (AFFA) Մասիսի երիտասարդական կենտրոնում կազմակերպել էր երկշաբաթյա ամառային դպրոց՝ ամբողջությամբ նվիրված ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսիական ու ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը Մասիս քաղաքում։ Ծրագիրն ուներ խորացված լեզվակրթական և մշակութային ուղղվածություն՝ նպատակ ունենալով ձևավորել նոր սերունդ, որը կմտածի, կստեղծի և կսիրի՝ ֆրանսերենով։Առաջին շաբաթը սկսվեց ճամբարի ուղերձով՝ «զարգանալ, ստեղծել ու սիրել՝ ֆրանսերենով»։ Երեխաները մասնակցեցին սպորտային, գեղարվեստական և ՏՏ դասերին, որտեղ ֆրանսերենն ուսումնասիրեցին խոսակցական, երգերի, խաղերի և ստեղծարար մոտեցումների միջոցով։ Շաբաթն ավարտվեց Բուսաբանական այգում կազմակերպված շրջայցով ու ստեղծագործական պիկնիկով՝ Փոքրիկ իշխանի ոգով։
Երկրորդ շաբաթը առավել խորացրեց ֆրանսերենով լեզվամտածողությունն ու մշակութային ընկալումը։ Երեխաները մասնակցեցին ինտերակտիվ ֆրանսերենի և ՏՏ դասընթացների, դասընթացների՝ ֆրանկոֆոն երկրների մասին, նկարների ստեղծմանն ու ներկայացմանը։ Կազմակերպվեց այցելություն Հայաստանի Նկարիչների միություն, որտեղ ամառային ճամբարի մասնակիցները ներկա գտնվեցին «Ճանապարհորդություն Վինսենտ վան Գոգի և Գուստավ Կլիմթի աշխարհ » անվանումով ցուցահանդեսին։
Ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Մասիսի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի դահլիճում՝ երեխաների մասնակցությամբ միջոցառմամբ՝ ֆրանսերենով, որի կարգախոսն էր՝ Փոքրիկ Իշխանը ֆրանսախոս մոլորակներում։ Ամառային դպրոցի մասնակիցները կատարեցին ֆրանսիական երգեր, պարեր և ֆրանսերենով մեջբերումներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանը ստեղծագործությունից։
Միջոցառումն առանձնացավ իր բարձր կազմակերպչական մակարդակով, բովանդակային հագեցվածությամբ ու ուսուցման նորարարական մոտեցումներով։ Ամառային դպրոցը լիովին հասավ իր նպատակին։ Ըստ ծնողների և ուսուցիչների՝ երեխաները վերադարձան ավելի մոտիվացված ու պատրաստ սեպտեմբերից ավելի մոտիվացված սկսել ֆրանսերենի ուսուցումը։ Շատերը նույնիսկ սկսեցին իրենց գալիք կրթական և մասնագիտական ապագան պատկերացնել ֆրանսերենի հետ կապի մեջ։







